ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

«Վանա ծովուն արշալույսը»` Աթենքում

«Վանա ծովուն  արշալույսը»` Աթենքում
22.02.2013 | 12:46

Պելոպոնեսի միջազգային կինոփառատոնի տնօրենության նախաձեռնությամբ տարվա ընթացքում Հունաստանի տարբեր քաղաքներում կանցկացվեն կինեմատոգրաֆիայի երեկոներ` մասնակից երկրների ֆիլմերի ցուցադրությամբ: Առաջին երեկոն նվիրվել է Հայաստանին և անցկացվել է Հունաստանի մայրաքաղաքում:
Աթենքի «Միկրոկոսմոս» կինոթատրոնում ներկայացվել է Արտակ Իգիթյանի և Վահան Ստեփանյանի «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմը:
Վահան Ստեփանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ֆիլմում խտացված են տարբեր սերունդների բախումից առաջացող պրոբլեմները, որոնք վեր են հանում օրախնդիր և լուծում պահանջող հարցադրումներ:
Ֆիլմի գլխավոր հերոսը` 80-ամյա Կարապետը, որի մայրը հրաշքով փրկվել էր 1915-ի ջարդերից, փորձում է իր ամերիկացած սերունդների մեջ պահպանել կորուսյալ հայրենիքի հիշողությունը: Ամեն տարի ապրիլի 24-ին` Թուրքիայի դեսպանատան դիմաց, նա այրում է այդ երկրի ազգային դրոշը: Կարապետի արարքը զայրացնում է որդուն` Տիգրանին, որը ստիպված է հոր պատճառով տուգանքներ մուծել, և անհասկանալի է 17-ամյա թոռանը, որը սիրահարված է ԱՄՆ սովորելու եկած թրքուհի համակուրսեցուն: «Վանա ծովուն արշալույսը» ցուցադրվել է Կանադայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, ՈՒկրաինայում, Վրաստանում, Ռուսաստանում: Աթենքում ֆիլմը ցուցադրվել է Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատան և Հայաստանի ազգային կինոկենտրոնի ջանքերով: Միջոցառմանը ներկա են եղել Հունաստանի օրենսդիր և գործադիր իշխանությունների, մշակութային ու հասարակական կազմակերպությունների, գիտության, մշակույթի և արվեստի ներկայացուցիչներ, լրագրողներ, դիվանագետներ, հունահայ համայնքի, այդ թվում` համայնքային կառույցների ներկայացուցիչներ: Պելոպոնեսի միջազգային կինոփառատոնի հիմնական նպատակն է Հունաստանի և հունական համայնք ունեցող երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդումը, ինչպես նաև այդ երկրների կինեմատոգրաֆիստների ու կինոսիրողների համագործակցության զարգացումը:
Առաջին փառատոնը կայացել է 2012-ին Կորինթիայի Լուտրակի քաղաքում, անցկացվել է Հունաստանի մշակույթի նախարարության, Պիրեուսի և կղզիների ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակումբի, Պելոպոնեսի մարզպետարանի և Լուտրակիի քաղաքապետարանի հովանու ներքո:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2908

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ